Լիբիայի ազգային անցումային  խորհուրդն ապրիլի 5-ին մերժել է Հաագայի միջազգային քրեական դատարանի պահանջը` Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին հանձնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է BBC-ին, Լիբիայի անցումային խորհուրդը բազմիցս է հայտարարել, որ 39-ամյա Սեյֆ ալ Իսլամը պետք է կանգնի լիբիական դատարանի, ոչ թե Հաագայի միջազգային դատարանի առջեւ, որը նրա ձերբակալման թույլտվություն է տվել` երկրում զինված դիմակայության ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով:

Չորեքշաբթի հրապարակված նամակում Հաագայի դատարանի դատավորները մերժել են Լիբիայի` Քադաֆիի որդուն իրենց մոտ պահելու խնդրանքը եւ պահանջել անհապաղ հանձնել նրան: Լիբիայի իշխանություններն էլ հայտարարում են, որ Սեյֆ ալ Իսլամին արդար դատաստան է սպասվում հայրենիքում:

Սեյֆ ալ Իսմալը ձերբակալվել էր Լիբիայի հարավում` նոյեմբերի 19-ին: Քադաֆիի որդիներից մեկն էլ` Սաադին, թաքնվում է Նիգերում: