Թերթը գրում է, որ վառելանյութի շուկայում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն են գործել բենզինի ներքին սպառման ծավալների վրա։ Անցած երեք տարիների ընթացքում Հայաստան ներկրված բենզինի քանակը կրճատվել է շուրջ 34 հազար տոննայով (ավելի քան 17 տոկոսով)։
Սպասվում է, որ բենզինի սպառումը կնվազի նաեւ այս տարվա ընթացքում։ Պատճառը շուկայում ձեւավորված գնաճային բարձր մակարդակն է, ինչը մի կողմից ազդում է սպառողների թվի, մյուս կողմից՝ սպառման քանակի վրա։
Այս տարեսկզբից մինչ հիմա բենզինը ներքին շուկայում թանկացել է 60 դրամով։ Ավելին՝ սպասվում է, որ առաջիկայում գները դարձյալ կբարձրանան առնվազն 20 դրամով։
Նման կարճ ժամանակահատվածում այսպիսի լուրջ գնաճային ճնշում բենզինի շուկայում վերջին տարիներին չէր եղել։ Չնայած վառելանյութի գները ինչպես համաշխարհային, այնպես էլ ներքին շուկայում մշտապես բարձրացման միտում ունեն, այնուհանդերձ դա տեղի էր ունենում մեծ մասամբ ավելի երկարաժամկետ հատվածում։
Իսկ այսօր շուկայում հաստատված գներն աննախադեպ են։ Վերջին թանկացումից հետո «ռեգուլյար» բենզինի գինը հասավ 500 դրամի։ «Պրեմիումը» վաճառվում է 520, «սուպերը»՝ 550 դրամով։
Իհարկե, այնպես չէ, որ բենզինի գինը բարձրանում է միայն Հայաստանում։ Եվրոպայում բենզինի մեծածախ գինը տոննայի համար հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1250 դոլար։ Դրա հետեւանքով եվրոպական առանձին երկրներում բենզինի մանրածախ գինը լիտրի հաշվով հասել է մինչեւ 2 եվրոյի (դրամով արտահայտված գերազանցում է 1000 դրամը։
…Համաշխարհային շուկայում երկարատեւ հատվածում արձանագրված վառելանյութի գների բարձրացումը բացասաբար է անդրադարձել հայաստանյան սպառման ծավալների վրա։ Դա ակնհայտ դարձավ հատկապես տնտեսական ճգնաժամից հետո։ Արդեն 2009թ. Հայաստան ներկրվող բենզինի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվեց ավելի քան 14 հազար տոննայով։ Ճիշտ է, 2010թ. սպառման ծավալները մի փոքր ավելացան, բայց արդեն անցած տարի կտրուկ կրճատվեցին։ 2010թ. համեմատ 2011թ. Հայաստան է ներկրվել գրեթե 24,5 հազար տոննայով քիչ բենզին։
Ընդհանուր առմամբ անցած տարի ներկրված բենզինի ծավալը եղել է 164,3 հազար տոննա, մինչդեռ 2008թ. գերազանցում էր 198 հազար տոննան։ Հայաստանում միջին ամսական օգտագործվել է շուրջ 13,6 հազար լիտր բենզին։ Այն դեպքում, երբ 2008թ. 16,5 հազար տոննա էր։




























