Աֆրիկայում կարող է նոր պետութոյւն ավելանալ. Տուարեգները պատրաստ են հայտարարել Մալիի հյուսիսում նոր պետության ստեղծման մասին:
«Հանուն Ազավադի ասատագրման ազգային շարժման» ներկայացուցիչները ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ցեղախումբը պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ հասել է նպատակին. Երկրի տուարեգներով բնակեցված հատվածը նրանց վերահսկողության տակ է: Այժմ այնտեղ կարող է մարդասիրական օգնություն ցուցաբերվել: Տարածաշրջանում արդեն անկարգություններ են սկսվել` պայմանավորված մթերքների անբավարար լինելով:
«Այժմ Ազավադի ամբողջ տարածքը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Դեռեւս այնտեղ կան իսլամիստներ, «Ալ Կաիդա» կազմակերպության անդամներ եւ մաքսանենգներ, սակայն շուտով մենք դա կհաղթահարենք: նրանք պետք է հեռանան եւ թողնեն մեր երկիրը», - հայտարարել է «Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժման» առաջնորդ Մուսա Աղ Ասարիդը, հաղորդում է «vesti.ru»-ն:
Հիշեցնենք, որ իրադրությունը Մալիի Հանրապետությունում անկայուն էր դարձել այն բանից հետո, երբ մարտի 22-ին զինվորականները տապալել էին երկրի նախագահին: Դրան հետեւել էին տնտեսական եւ առեւտրային պատժամիջոցներ հարեւան պետությունների կողմից: Միաժամանակ երկրի հյուսիսում ակտիվացել են ապստամբները: Նրանք արդեն երկար ժամանակ պատրաստ են եղել եւ սպասել են հարմար պահի, որպեսզի գրավեն իրենց պատմական հողերը:




























