«Ազավադի ազատության ազգային շարժումը» հռչակել է Ազավադի տարածաշրջանի անկախությունը: Այս մասին ասվում է Շարժման ներկայացոցչի հայտարարության մեջ, որը հնչել է France 24-ի եթերում:

«Մենք այսօրվանից պաշտոնապես հռչակում ենք Ազավադի անկախությունը»,-հայտարարել է Մուսա Ագ-Աթահերան: Նրա խոսքով, նոր պետությունը ճանաչում է հարեւան երկրների գոյություն ունեցող սահմանները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Աթահերը նաեւ դատապարտել է Մալիի Գաո քաղաքում Ալժիրի հյուպատոսության վրա հարձակումը, որի արդյունքում հյուպատոսության 7 աշխատակիցների, այդ թվում Ալժիրի հյուպատոսին, տարել են անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 5-ին իսլամիստները Մալիի հյուսիս-արեւելքում գտնվող Գաո քաղաքում գրավել են Ալժիրի հյուպատոսությունը եւ բռնությամբ պահում են դիվանագետներին:

Ինչպես AFP-ին հայտնել են ականատեսները, իսլամիստները շենքի վրայից իջեցրել են Ալժիրի դրոշը եւ դրա փոխարեն բարձրացրել սալաֆիների սեւ նշանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ազավադի (MNLA) ազատության ազգային շարժման ապստամբները հայտարարել են Մալիի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին: