Մեքսիկական նարկոկարտելի պարագլուխը, ով մեղադրվում է ավելի քան 500 սպանությունների մեջ, ԱՄՆ-ում դատապարտվել է 11 ցմահ ազատազրկման:

34-ամյա Խոսե Անտոնիո Ակոստա  Էրնանդեսը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետերով, այդ թվում սպանություններ, դավադրություն սպանության նպատակով, ավազակային հարձակումներ, փողերի լվացում եւ թմրամիջոցների տարածում:

Էրնանդեսը գլխավորել է «Խուարես» նարկոկարտելի զինված թեւը, ով Թեքսասի նահանգում եւ Մեքսիկայում գործել է «Բարիո Ացտեկ» ավազակախմբի հետ համագործակցելով: Նարկոկարտելը վերահսկել է թմրանյութերի շրջանառությունը մեքսիկական Սյուդադ-Խուարես եւ Չիուաուա քաղաքներով, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

2010-ի հունվարին, քաղաքի օրը, Էրնանդեսը հրամայել է իր մարդկանց սպանել մրցակից ավազակախմբի անդամներին:

Արդյունքում սպանվել է 16 մարդ, եւս 4-ը, այդ թվում երկու մեքսիկացի ոստիկան, սպանվել են նույն օրը մեքենայի պայթյունի ժամանակ:

Դատախազությունը նաեւ հայտարարել է, որ Սյուդադ-Խուարեսում ԱՄՆ հյուպատոսության երեք աշխատակիցներ սպանվել են «Բարիո Ացտեկ» ավազակախմբի անդամների կողմից` Էրնանդեսի հետ համաձայնության շրջանակներում: