Հայաստանյան 4 քաղաքական ուժերի կողմից ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթ ստորագրելը PR ակցիա չէ, այլ` կարեւոր հարց: Այս մասին, այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով այդ փաստաթղթի վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի արձագանքին:
«Դա ոչ թե PR ակցիա է, այլ կարեւոր հարց: Մենք առաջին հերթին ունենք գործող Սահմանադրություն, որը պետք է կարեւորի արդար ընտրությունների հարցը: Ստորագրված փաստաթղթում պետք է դիտարկվի ոչ միայն այն, թե որ դեպքում իրար պետք է շնորհավորեն ընտրություններին մասնակից ուժերը, այլ նաեւ, թե որ համգամանքների դեպքում միասին պետք է որոշեն, որ ընտրությունները տապալված են, կայացած չեն եւ մենք գտնվում ենք արտահերթ իրավիճակում, որոնք առիթ են տալիս թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ այդ փաստաթղթի տակ ստորագրեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները, այսինքն պատասխանատվություն ստանձնողները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
Իս արդեն երեկ` ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























