Այս տարի ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, եւ թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան` այս տարի ապրիլի 7-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, եւ սկսվում են  զատկական տոնակատարությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն է՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»: 

Ապրիլի 7-ին`  ժ. 18.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից եւ կսկսեն տոնել Ս. Հարության տոնը:

Ապրիլի 8-ին` ժ. 11.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի:

Ապրիլի 9-ին` հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:  Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից եւ հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: