Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մասին ոչ մի դրական հեռուստառեպորտաժ չի հեռարձակվել մարտին: Այս մասին հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով մարտի վերաբերյալ մեդիամոնիթորինգի արդյունքները:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի լուսաբանման հավասարակշռությունը պահպանվել է, իսկ ռեպորտաժները հիմնականում պատրաստվել են բաց ավարտով` եզրակացությունը թողնելով հանդիսատեսին:
«Այդուհանդերձ, եթերում դրական բովանդակությամբ ռեպորտաժների ծավալով ԲՀԿ-ն առաջ է անցել ՀՀԿ-ից: Ընդհանուր առմամբ, հեռուստաալիքները նախընտրում են դրական ռեպորտաժներ պատրաստել կոալիցիոն ուժերի, քան` ընդդիմադիր կուսակցությունների մասին»,-նշել է Նավասարդյանը:
Ամենից շատ քաղաքական հաղորդումներ է հեռարձակել «Կենտրոն» հեռուստաընկերությունը (այն սերտ առնչություն ունի ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ), այն դեպքում, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը առավելապես հրավիրել է սպորտի եւ մշակույթի գործիչների:
Քաղաքական եթերի ծավալով, երկրորդ տեղում է «Հ2» հեռուստաալիքը, երրորդ տեղում` «Երկիր մեդիան» (սերտ առնչություն ունի ՀՅԴ-ի հետ):
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























