Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը, այսօր` ապրիլի 6-ին, տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Չինաստանի ԱԳՆ աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ձյան Շուշենը եւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ձյան Շուշենը ՉԺՀ կառավարության եւ չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին: Դեսպան Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ անցած 20 տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում:

Չինաստանի ԱԳ փոխնախարար Չեն Գոպինը ներկայացրել է եւ հայկական կողմին հանձնել է 20 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ժողովածուն եւ տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ: