Ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչները, արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին:

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միավորված հայեր, Օրինաց երկիր կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիվիլիթաս հիմադրամ, Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա, Հանրային լրագրության ակումբ,  Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն,  Գործընկերություն եւ ուսուցում հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:

Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` Սամվել Նիկոյանը մասնակիցներին հորդորել է  ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները, դիրքորոշումները, առաջարկները:

Նշվել է, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:

Կոնսեսուսով որոշվել է, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը  հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

Որոշվել է, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն  ու մասնակցությունը»,-իր առաջարկը հիմնավորել է ԱԺ նախագահը:

Աշխատանքային խմբում ներկայացված կլինեն ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ-ից` Արտաշես Շահբազյանը, Դեմկուսից` Անահիտ Գրիգորյանը, ՀՀԿ-ից` Գագիկ Մելիքյանը, Կոմկուսից` Յուրա Ղազարյանը, «Միավորված հայեր» կուսակցությունից` Գուրգեն Հովսեփյանը։