Գեղարքունիքի մարզպետարանի կողմից պետական բյուջեից տրամադրված միջոցների ծախսվել են խախտումներով: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ: Վերահսկողությունն իրականացվել է 2009-11 թվականների ծախսերի նկատմամբ:
Քաղաքաշինության ոլորտում արձանագրվել է 26.2 մլն դրամի խախտում, որը պետք է վերադարձվի պետբյուջե: Շինարարությունն ամենուրեք իրականացվել է նորմերի խախտումներով: Օրինակ` դպրոցների մանրատախտակե հատակների վերանորոգման աշխատանքները ստուգված բոլոր օբյեկտներում կատարվել են սխալներով, որի պատճառով մի շարք դասարանների հատակներ դարձել են անպիտան:
Արտառոց դեպք է արձանագրվել «Սեւանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, որտեղ աշակերտներին զրկել են թոշակից ու գումարը ծախսել այլ նպատակներով:
Ամենամեծ խախտումները մարզում արձանագրվել են նպաստների բաշխման ոլորտում: Մարզպետարանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից խախտումներով վճարված նպաստը կազմել է 61,2 մլն դրամ, որից պետբյուջե ենթակա է վերականգնման 31,2 մլն դրամը:




























