Վանաձորում, այսօր` ապրիլի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Վանաձորի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերի բնակարաններից մեկում:

Մեր տեղեկություններով բնակարանի տերը` 30-ամյա մի կին, աշխատանքից վերադարձել է տուն, սակայն դուռը ներսից չի փակել, ու սկսել է մաքրություն անել: Այդ պահին դեռեւս անձը չպարզված տղամարդը մտել է տուն, դանակի սպառնալիքով նրանից պահանջել գումար եւ ոսկյա իրեր: Տանտերը սակայն հանցագործին ասել է, որ որեւէ բան չունի, ինչից հետո ավազակային հարձակում իրականացնող անձը նկատելով սեղանին դրված նոթբուք տեսակի համակարգիչը, վերցրել է:

Տանտերը փորձել է խանգարել նրան, բռնել է երիտասարդի ձեռքից, որի արդյունքում երիտասարդը դանակով վնասել է տանտիրուհու ձեռքը, ապա վերցնելով համակարգիչը, դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները, ինչպես նաեւ Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչները` քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

NEWS.am-ի տեղեկություններով Լոռիի մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ հաուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածով` ավազակային հարձակում: