«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 31-ին հակահետեւակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ:

«Թեեւ արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ է, այնուամենայնիվ, զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը եւ ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են:

Համաձայն մեր տեղեկությունների` անգամ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում: Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը` հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»,- գրում է թերթը: