Թերթը գրում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը Արմեն Սահակյանի պաշտոնանկությունից հետո դեռեւս շարունակում  է թափուր մնալ:

Թերթի տեղեկություններով, Բաղրամյան 26-ում դժվարանում են կողմնորոշվել ում նշանակել: «Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի հեռանալուց հետո մեկուկես տարվա ընթացքում երկու պետ փոխվեց: Գասպարյանից հետո մեկ տարի ղեկավարեց Արամ Տեր-Սահակյանը: Սակայն այդ ամբողջ ընթացքում ոլորտի կուրացիան շարունակում էր իրականացնել Գասպարյանը: Իսկ Արմեն Սահակյանը, որի նշանակման պահից սկսած մարդիկ զգուշացնում էին, որ նա երկար չի պաշտոնավարելու, կարճ ժամանակ անց ընկավ ստուգումների թակարդը:

Տարածված տեղեկությունների համաձայն, նրան հեռացրել են բացահայտված խախտումների, մասնավորապես  կլորիկ գումարով որոշ զինվորների երկարատեւ արձակուրդ ուղարկելու համար: Մեզ հասած տեղեկություններով, այս բացահայտումից հետո Սեյրան Օհանյանը կոլեգաների մոտ ասել է, որ իր սխալը կուղղի: Սխալ ասելով՝ նկատի է ունեցել այն, որ ինքն է նախագահին ներկայացրել Արմեն Սահակյանին: Սեյրան Օհանյանը հատկապես նեղսրտել է, որ իր երկու որդիները ծառայում են իբրեւ Հայաստանի թեժ կետերում, իսկ ՌՈ պետն արտոնյալների մի բանակ է ձեւավորել:

Միաժամանակ ՊՆ-ում խոսում են, որ ի սկզբանե Արմեն Սահակյանը չի ընդունվել կոլեգաների կողմից: Նա նշանակվելու օրվանից սկսել է ինքնահաստատվել ու, այսպես ասած, Վովա Գասպարյանի «դվիժենին» անել, ինչն էլ դուր չի եկել վերադասին:

Առայժմ ՌՈ պետի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ  Սամվել Ղուկասյանը: Վերջինիս այդ պաշտոնում վերջնականապես նշանակվելը ՊՆ-ում այնքան էլ հավանական չեն համարում»,- գրում է «Հրապարակը»: