ԱՄՆ-ում վիճակախաղի շահումը տանելու է եկել 656 միլիոն դոլար ռեկորդային ջեքփոթով համազգային Mega Millions վիճակախաղի հաղթողներից մեկը: Երջանիկը վիճակախաղի Կանզաս նահանգի գրասենյակ է ներկայացել փաստաբանի եւ ֆինանսական խորհրդատուների ուղեկցությամբ:
Հաղթողը պահանջել է գաղտնի պահել անունը, ինչպես նաեւ սեռը, տարիքը, բնակության վայրը եւ մասնագիտությունը: Հայտնի է միայն, որ շահող տոմսը նա գնել է Կանզաս նահանգի Օտտավա քաղաքի «Քեյսիս» հանրախանութում, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:
Շահողի մասնաբաժինը կազմում է 218,6 միլիոն դոլար, որը նա նախընտրել է վերցնել կանխիկ եւ միանգամից, ոչ թե աստիճանաբար, 26 տարվա ընթացքում: Վիճակախաղի կանոններով` այդ դեպքում գումարը հարկերը գանձելուց հետո նվազում է համարյա կրկնակի չափով` մինչեւ 110,5 միլիոն դոլար:
Ինչպես տեղեկացնում է «Վզգլյադ» թերթը, ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակչուհի Մարլինդ Ուիլսոնը հայտարարել է, որ վիճակախաղի շահողներից մեկն է, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել վիճակախաղի տոմսը:
Մի քանի օր առաջ յոթ երեխաների մայր Ուիլսոնը, որն աշխատում է McDonald`s ռեստորանում, հայտարարել էր, որ տոմսը թաքցրել է աշխատավայրում, հուսալի տեղում: Միաժամանակ Ուիլսոնի որոշ գործընկերներ նրան մեղադրել են խաբեության մեջ: Նրանց խոսքով` շահումը պատկանում է ոչ միայն նրան, այլեւ եւս 14 գործընկերներին, որոնց հետ միասին էր գնվել տոմսը:
Mega Millions-ի ներկայացուցիչները հրաժարվել են Ուիլսոնին հաղթող ճանաչել, քանի որ դրա համար հարկավոր է տոմսը ներկայացնել:




























