Արգենտինայում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը, 12 մարդ զոհվել է, այդ թվում` երեք երեխա: 50 մարդու տեղափոխել են հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան Ժուժույ նահանգի Բարսեն բնակավայրի թիվ 9 ավտոմայրուղում: Տրանսպորտային Potosi ընկերության երկհարկանի ավտոբուսը, որում 66 ուղեւորներ են գտնվել, բոլիվիական Վիլյասոն քաղաքից ուղեւորվել էր Բուենոս-Այրես: Ավտոբուսը շրջադարձ կատարելիս ընկել է չորս մետր խորությամբ ձորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Վթարի վայրում յոթ մարդ զոհվել է, եւս հինգը ավելի ուշ մահացել են հիվանդանոցում: Զոհերի թվում երեք երեխաներ կան, որոնցից մեկը` նորածին:
Նախնական վարկածով` վթարի պատճառը մայրուղու վտանգավոր հատվածում արագության կանոններին չհետեւելն է եղել:
Բոլիվիացիներից եւ արգենտինացիներից բացի, ավտոբուսում եղել են Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Կանադայից եւ Պերուից ժամանած զբոսաշրջիկներ:




























