Ապրիլի 7 -ին նշվում է Առողջությանն համաշխարհային օրը: 2012թ. օրակարգի թեման ծերացման խնդիրն է: «Ամուր առողջությունը տարիների ընթացքում կյանքը երկարացնում է» կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ամրապնդել առողջությունը եւ ակտիվ ծերացման համար պայմաններ ստեղծել:
XXI դարի հասարակական ամենանշանակալի տենդենցներից է բնակչության ծերացումը: ԱՀԿ-ի տվյալներով, վերջին հարյուրամյակում կյանքի տեւողությունն ամբողջ աշխարհում կտրուկ աճել է, շուտով երկրագնդում 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը կգերազանցի հինգ տարեկանից ցածր երեխաների թվին:
Շանհայի Տունցզի համալսարանի չինացի գիտնականները հաշվել են, որ 2050թ. երկրագնդում 1,1 միլիարդից ավելի 65 տարեկանից բարձր մարդ կլինի, ընդ որում` նրանցից 37 միլիոնը կտառապի մտագարությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հիշեցնում են, որ առողջ կենսակերպը տարեց մարդկանց թույլ է տալիս լիարժեք կյանքով ապրել եւ ընտանիքի ու հանրության կարեւոր անդամներ լինել:




























