Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի եւ մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում.

«Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր եւ Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին եւ հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու եւ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաեւ ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգեւ շնորհները հավիտենական կյանքի:

Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը եւ իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով եւ բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ եւ խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, եւ բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին եւ պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն»: