Ֆրանսիայում եւս մեկ մոտոցիկլավոր սերիական մարդասպան է ի հայտ եկել: Հիշեցնենք, որ մոտոցիկլով էր սպանություններ կատարել «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերան:
Սերիական մարդասպանին ոստիկանությունը փնտրում է Փարիզից հարավ գտնվող Էսոնի դեպարտամենտում: 2011 թ. նոյեմբերից նրա զոհերն են դարձել չորս մարդ: Վերջին սպանությունը նա կատարել է ապրիլի 5-ին: Սպանվել էր 47-ամյա մի կին: Բոլոր զոհերը սպանվել են փոքր տրամաչափի ատրճանակից. Յուրաքանչյուր սպանությունից հետո նա հանցագործության վայրից հեռացել է մոտոցիկլով:
Երկրի իշխանությունները հայտարարել են, թե որեւէ ապացույց չկա, որ Էսոնում սպանությունը կապ ունի ահաբեկչության հետ, հաղորդում է NEWSru.com-ը:
Հետաքննությունը դեռեւս չի կարողացել պարզել սկզբունքը, որով նա ընտրել է իր զոհերին: Ֆրանսիական գործակալությունները նշում են, որ բոլոր չորս սպանությունները կատարվել են մոտոցիկլետով` օրվա նույն ժամին` ժամը 16-18-ի միջեւ:
Նմանություն կա հատկապես վերջին երեք սպանությունների դեպքում` զոհերը սպանվել են գլխին ուղղված կրակոցով: Նոյեմբերին կատարված առաջին սպանությունը մի փոքր այլ մեթոդով է իրականացվել, սակայն սպանության գործիքը նույն ատրճանակն է:




























