ՀԱՄԱՍ խմբավորումն, այսօր` ապրիլի 7-ին, մահապատժի է ենթարկել երեք պաղեստինցիների, որոնցից մեկը մեղադրվում էր Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Մյուս երկուսը մեղադրվում էին սպանություն գործելու մեջ: Տղամարդկանց անուններն ու տարիքը չի հաղորդվում:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, Իսրայելի հետ համագործակցելու համար ներկայիս մահապատիժը 2012թ. առաջին մահապատիժն էր: Նախորդ մահապատիժն ի կատար էր ածվել 2011թ. հուլիսին. այն ժամանակ մահապատժի էին ենթարկել երկու պաղեստինցիների:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, 2012 թվականի մարտին Գազայի զինվորական դատարանը մահվան էր դատապարտել 27-ամյա պաղեստինցու, որը մեղավոր էր ճանաչվել Իսրայելի հետ համագործակցությամբ պետական դավաճանության մեջ: Գազայի հատվածի իշխանություններն ավելի ուշ հայտարարել էին մահվան մեկ այլ դատավճռի մասին, որը կայացվել էր հայրենիքի ենթադրյալ եւս մեկ դավաճանի նկատմամբ: Նաեւ հայտնի էր դարձել, որ մահապատժի էր դատապարտվել իր եղբորն սպանած մի պաղեստինցի: Հայտնի չէ` ապրիլի 7-ին մահապատժի ենթարկվածների մեջ հենց այդ դատապատյալներն են եղել, թե ոչ:
2007 թվականին Գազայի հատվածում իշխանությունը գրաված իսլամական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը առաջին մահապատիժն իրականացրել է 2010 թվականին: Այն ժամանակ երկու պաղեստինցիներ կախաղան էին բարձրացվել Իսրայելի հետ համագործակցության պատճառով: Ըստ պաղեստինյան օրենքների` մահապատժի են դատապարտվում պետական դավաճանության, սպանությանը եւ թմրանյութերի մաքսանենգության համար:




























