«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես առաջարկ չի ստացել քաղաքական որոշ ուժերի կողմից ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ, իսկ լրատվամիջոցների հրապարակումներն այդ առթիվ կարծիք հայտնելու հիմք չեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես անձամբ չեմ կարդացել Դավիթ Հարությունյանի հայտարարությունը. երբ որ պաշտոնական առաջարկ կլինի,  այն կքննարկվի կուսակցությունում, իսկ լրատվամիջոցների հրապարակումներից ելնելով եզրահանգումներ անելը նպատակահարմար չէ»,- նշել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել ընտրությունների ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ առաջարկով:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր. «Երեկ տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ութ քաղաքական ուժերից ընդամենը երեքի կողմից:

Եկեք գոնե մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկեք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի արդար ընտրությունների անցկացման հարցում ու իրագործենք դա: Եկեք կարեւոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե փոխադարձ հարգանքի եւ թե արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվենք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով»: