Շուտով վաճառքում կհայտնվի մի զգեստ, որը դառնում է թափանցիկ, հենց որ այն կրող կինը սկսում է հուզվել: Նորույթի հեղինակը հոլանդացի դիզայներ Դաան Ռուսեգաան է` հայտնի փորձարար, որը նորաձեւության մեջ օգտագործում է ժամանակակից անլար տեխնոլոգիաները, ինչպես նաեւ էլեկտրոնիկա, լուսադիոդներ եւ պղինձ:
Ինչպես գրում է Raut-ը, նոր զգեստի անունն Intimacy 2.0 է, այն կարված է կաշվից եւ էլեկտրոնային անթափանց «խելացի» նրբաթիթեղից:
Դաանը նորաձեւության իր ոճն անվանում է «տեխնո-պոեզիա»: Իր վերջին` Intimacy 2.0 ստեղծագործության մասին նա ասել է, որ այդ դիզայներական լուծումն արվել է մերձեցման եւ տեխնոլոգիաների միջեւ կապն ուսումնասիրելու նպատակով:
Դաանը ներկա պահին պայմանավորվածություն է ձեռք բերում զգեստի նորաձեւ տարբերակներ ստեղծելու համար, որոնք ամեն անգամ կզգան, թե երբ է կինը հուզվում կամ ամաչում: Ֆուտուրիստական զգեստը ցուցադրվել է Չինաստանում, իսկ այն ստեղծող Դաանը մի քանի մրցանակ է ստացել, այդ թվում` դիզայնի հոլանդական եւ չինական մրցանակներ: Նա իր աշխատանքները ներկայացրել է Թեյթ Մոդեռնում եւ Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանում, ինչպես նաեւ միջազգային շատ այլ պատկերասրահներում:











