Սիրիան Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով ահաբեկչության կանխման կոչով եւ հարեւան երկրներին ահաբեկչությունների նախապատրաստման ֆինանսավորման եւ աջակցության դադարեցման անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձ է հղել:
Ուղերձներում ասվում է, որ վերջին ժամանակներում, Սիրիայի կողմից Քոֆի Անանի կարգավորման ծրագիրն ընդունելուց հետո, երկրում ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել, որոնք ըստ նախնական վարկածների կապված են «Ալ Կաիդայի» գործունեության հետ, եւ նոր հանցագործություններ են իրականացվել զինված հանցախմբերի կողմից:
Ընդ որում «Սիրիայի ընկերների» հանդիպումները ցույց են տվել, որ իրենց նպատակը սիրիացիների արյունահեղությունն է, քանի որ նրանց աջակցող մարմինները բացահայտ հայտնում են զինված խմբավորումների ֆինանսավորման նպատակով ֆոնդերի ստեղծման մասին, հաղորդում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ Սիրիան ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին արդեն տրամադրել է իրագործված ահաբեկչությունների մասին փաստաթուղթ, որի հետեւանքով զոհվել են երկրի 2088 զինծառայողներ եւ 478 ոստիկաններ:
Սիրիան համաշխարհային հանրության բոլոր երկրներին կոչ է անում համագործակցել իր հետ` ահաբեկչության դադարեցման եւ միջազգային համաձայնագրերի կատարման համար, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ միջազգային հանրությունից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է միջոցներ ձեռք առնել իր հարեւան երկրներին ահաբեկչությունների նախապատրաստման ֆինանսավորման եւ աջակցության դադարեցման նպատակով:
Սիրիան ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկն է եւ նրա ակտիվ անդամը: Նա սերտ համագործակցության հույս ունի աշխարհի բոլոր երկրների հետ` ահաբեկչությունը եւ նրա աղբյուրների ֆինանսավորումն արմատախիլ անելու նպատակով, որպեսզի կանխարգելի աղետները եւ մարդկային ողբերգություններն անկախ ինքնիշխան պետություններում:




























