Հայաստանի ԱԺ նախագահին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ հավասարապես ներառված են բոլոր իրավասու քաղաքական, հասարակական ուժերը, գումարած միջազգային կազմակերպությունները: Այս մասին MEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
«Իսկ եթե որեւէ մի կուսակցություն չի ցանկանում մասնակցել այդ աշխատանքերին եւ իրեն դուրս է դնում դրանից, ապա ես առանձնապես ոչ մի գնահատական տալու ցանկություն չունեմ»,-ասաց նա, արձագանքելով այն փաստին, որ ՀԱԿ-ը չի մասնակցել ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանում կայացած մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին:
Նա միաժամանակ նկատեց, որ այդ աշխատանքները շարունակվում են եւ շարունակվելու են, ընդ որում, դրանք շարունակելու են այն մարդիկ, ովքեր հավասարապես ներառված են այդ խմբում: «Յուրաքանչյուր կողմից մեկական ներկայացուցիչ է լինելու: Իսկ քանի որ անբողջ հասարակական սեկտորը շատ մեծ է, նրանք կընտրեն 3 ներկայացուցիչ: Նրանք են հաջորդաբար նիստերը ղեկավարելու: Այսինքն` այնպես չէ, որ մեկն է նստելու բոլորին ղեկավարի եւ որոշումներ կայացնի: Իրենք նստում են, իրենք քննարկում են, իրենք որոշումներ են կայացնում»,- ավելացրեց Սամվել Նիկոյանը:
Հարցին, թե ՀԱԿ-ն իր չմասնակցելով, ի՞նչ մեսիջ էր ցանկանում փոխանցել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ճիշտն ասած, կարծում եմ, որ բացառված չէ, որ ՀԱԿ-ն ինչ-որ մի պահի որոշի միանալ այդ աշխատաքներին, որովհետեւ որեւէ պաշտոնական պատասխան նրանք դեռ չեն տվել: Եթե պատասխան չտան ու չմասնակցեն Աստված իրենց հետ եւ իրենց գործերին հաջողություն: Չմոռանանք, որ սա, որեւէ մեկի համար ոչ պարտադրանք, ոչ էլ վարչական գործողություն է: Սա հարթակ է, որ ամբողջ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական դաշտը, հասարակական սեկտորը եւ միջազգային կազմակերպություններն այդ հարթակում համագործակցում են»:
Ավելի վաղ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ապրիլի 6-ի հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԴԿ-ի, Կոմկուսի, ՀՀԿ-ի, «Միավորված հայեր»-ի, ՕԵԿ-ի, նաեւ Արմավիրի զարգացման կենտրոնի, «Սիվիլիթաս» հիմնադրամի, «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա»-ի, Հանրային լրագրության ակումբի, «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի», «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:
Հանդիպմանը նշվել է, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:




























