Հիվանդության թեման ամենապոպուլյարներից է բոլոգոսֆերայում: Հենց բլոգն է հիվանդներին հնարավորություն ընձեռում կիսվել իրենց վախերով եւ հույսով, գրում է BBC News-ը:
Թեմային նվիրված հոդվածում BBC News-ը հաղորդում է Medecins Sans Frontieres-ի կայքի մասին, որը թույլ է տալիս տարբեր երկրների բլոգերներին գրել տուբերկուլյոզի մասին: Նրանց շարքում առավել ակտիվ են բժիշկ Կարտիկ Չանդարիան եւ Հայաստանից Մարիամ Դավթյանը:
Ապագա հոգեբան 21-ամյա Մարիամ Դավթյանն իր բլոգն սկսել է վարել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ եւ պատրաստվում է ավարտել գրելը, երբ առողջանա:
«Ես արդեն վերապրել եմ այն, ինչ վերապրում են հիվանդները: Կարծում եմ` իմ օրինակով կարող եմ մարդկանց լավատեսություն հաղորդել եւ ցույց տալ, որ դա հեքիաթ չէ եւ այն հնարավոր է ամբողջությամբ բուժել: Եթե իմ պատմությունը օգնի թեկուզ մեկ հիվանդի, ես ինձ հաղթող կհամարեմ»,-գրում է Մարիամը:
Ախտորոշումից հետո Մարիամը գրում է, որ վախեցել է` չիմանալով, թե ինչով կավարտվի բուժումը. «Ժամանակ էր լինում, երբ իմ համար դժավար էր գրելը, քանի որ դա ստիպում էր վերադառնալ այն շրջանը, երբ զգում էի ինչպես դժոխքում»: Հիմա արդեն Մարիամը մոտ է բուժման կուրսի ավարտին:
«Ես երջանիկ եմ, որ կարողացա իմ բլոգի միջոցով երջանկությունս հաղորդել բոլորին: Կարծում եմ, երջանկությունը, ինչպես եւ տուբերկուլյոզը, նույնպես կարող է «վարակիչ» լինել: Հենց վերջացնեմ բուժումս` կդադարեմ գրելուց եւ ինձ բավարարված ու երջանիկ կզգամ»,-գրել է նա:




























