«Օրինաց երկիր» կուսակցությունը լույսի պես մաքուր է եւ կապ չունի Հայաստանում թալանի, կողոպուտների, արյան հետ: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին նման պնդում է արել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Վերջինիս խոսքով, «այսօր օրենքի սով է, արդարության սով է բազմաթիվ ոլորտներում»: «Մեր նպատակները ազնիվ են, մեր որդեգրած կուրսն արդար է, մենք ուզում ենք, որ մեր երկիրն  ապրի օրենքի ուժով, բոլոր ոլորտներում հաղթանակի ոչ թե փողն ու ուժը, այլ խելքը:

Մենք վստահ ենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ու նրա թիկունքին կանգնած տասնյակ հազար համակիրները, 170 հազար անդամները անելու են հնարավորը, որ մեր գաղափարները հասանելի դառնան բոլորի համար»,- նշել է Բաղդասարյանը եւ հավելել. «Օրինաց երկիր» կուսակցությունը լույսի պես մաքուր է: Մենք կապ չունենք Հայաստանում թալանի, կողոպուտների, արյան հետ»:

Բաղդասարյանը հայտարարել է, թե «այսօր շատ թուլակամներ փորձում են վայրահաչությամբ փնովել «Օրինաց երկիր» կուսակցությանը, բայց դա նրանց չի հաջողվելու:

Իսկ կուսակցությունը ընտրությունների է գնում համարձակ ծրագրով, նորարարական մոտեցումներով: Բաղդասարյանը պնդել է, որ «Օրինաց երկրի» ջանքերի ու պայքարի արդյունքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել Հայաստանում:

«Մենք քաղաքական դաշտում հանդես ենք գալիս քաղաքական հանդուրժողականության օգտին: Թող հաղթեն այն քաղաքական ուժերը, ովքեր իրոք կստանան ժողովրդի քվեն: «Օրինաց երկիրը» վճռականորեն դատապարտում է փողով քվե գնելու մտայնությունը: Փողով տրված յուրաքանչյուր քվե կորած քվե է: Մարդիկ պետք է պատասխանատվություն զգան իրենց քվեի համար»,- նշել է նա:

Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ըստ որոնց տարբեր բնակավայրերում ՕԵԿ-ը բնակիչներին տարբեր տեսակի նվերներ է բաժանում, այդ թվում մուրաբա: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պնդել էր, որ դա ոչ թե ընտրակաշառք է այլ նվեր կանանց` նրանց միամսյակի առթիվ: