Հայաստանի ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, պաշտոնական քարոզարշավը Հայաստանում մեկնարկում է ապրիլի 8-ից:
Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն արդեն այսօր` ապրիլի 7-ին, Ազատության հրպարակում նախընտրական հանրահավաք է կազմակերպել:
NEWS.am-ը որոշեց պարզել, որհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը ինչպես եւ երբ են սկսելու իրենց նախընտրական քարոզարշավը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավը կսկսվի ապրիլի 8-ին, Կոտայքի մարզից, որտեղ ԲՀԿ անդամներն առավոտյան կմասնակցեն Առինջ գյուղի եկեղեցու պատարագի: Դրանից հետո, ժամը 15:00-ին տեղի կունենա հանդիպում ընտրողների հետ:
Նույն օրը կտրվի նաեւ «Միավորված հայեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկը, կբացվի նախընտրական շտաբը:
Ապրիլի 9-ին միանգամից երեք քաղաքական ուժեր (իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը») սկսում են իրենց նախընտրական քարոզարշավը:
ՀՅԴ-ն ժամը 12:00-ին կկազմակերպի իր նախընտրական ծրագրի շնորհանդեսը, իսկ արդեն ժամը 15:00-ին իրենց քարոզարշավի մեկնարկը կազդարարի «Ժառանգությունը» (այս ուժի ցուցակում ընդգրկված են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները):
Ապրիլի 10-ին նախընտական քարոզարշավի մեկնարկի մասին կազդարարեն Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
Նույն օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կսկսի իր նախընտրական միջոցառումները: «Քարոզարշավը սկսվում է ապրիլի 8-ից, բայց միջոցառումները` ապրիլի 10-ից, այժմ ճշգրտումներ են արվում, հավելյալ կտեղեկացնենք»,-NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու ցանկություն հայտնած 8 կուսակցությունների եւ մեկ դաշինքի:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ի իր արտահերթ նիստում որոշել է գրանցել հետեւյալ ուժերին. Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն եւ «Միավորված հայեր» կուսակցություն:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, առաջիկա ընտրություններին առաջադրվել է 155 թեկնածու: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 181 թեկնածուներ, սակայն 26-ին տարբեր պատճառներով (ինքնաբացարկ, գրանցման մերժում) մերժել են գրանցել:
ԿԸՀ-ն չի գրանցել նաեւ համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների` Խաչատուր Սուքիասյան (ՀԱԿ), Արամ Հարությունյան եւ Գեւորգ Թոսունյան (ՕԵԿ):
Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 8-ից եւ կտեւի միչեւ մայիսի 4-ը: Խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին:




























