Իսրայելի իշխանություններն արգելել են հայտնի գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասի մուտքը երկիր:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս շաբաթ 84-ամյա Գրասը բանաստեղծություն էր հրապարակել, որում կտրուկ քննադատության էր ենթարկում Իսրայելին` Իրանի վրա հարձակվելու ձգտման, ինչպես նաեւ միջազգային հանրությունից իր միջուկային պոտենցիալի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ: Հենց այս բանաստեղծությունն է հարուցել իսրայելական իշխանությունների կտրուկ արձագանքը, որոնք նրան մեղադրել են հակասեմիտիզմի մեջ:

Իսրայելի ՆԳ նախարար Էլի Իշայը հայտարարել է, որ «Գրասի ստեղծագործությունը Իսրայելի եւ իսրայելցիների նկատմամբ ատելություն բորբոքելու փորձ է, ինչպես նաեւ այն գաղափարների շարունակությունը, որոնք նա ընդունել է անցյալում, երբ կրում էր SS-ի զորքերի համազգեստը»:

Գրասի` «Ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը հրապարակվել էր New York Times-ում եւ մի շարք եվրոպական պարբերականներում: