Մոսկվայում հանձնել են ռուսական կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ազգային «Նիկա» մրցանակը: Արարողության գլխավոր մրցանակը` լավագույն ֆիլմի համար, ստացել է Անդրեյ Սմիրնովի «Կար-չկար մի կին» ֆիլմը:

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Անդրեյ Զվյագինցեւը` «Ելենա» ֆիլմի համար: «Տղամարդու լավագույն դեր» մրցանակն ստացել է Սերգեյ Գարմաշը`  «Տուն»  ֆիլմի համար:

Լավագույն կանացի դերի համար արձանիկն ստացել են  երկու դերասանուհիներ` Դարյա Եկամասովան «Կար-չկար մի կին» կինոնկարում դերակատարման համար, եւ  Նադեժդա Մարկինան, որը խաղացել է «Ելենա» ֆիլմում, հաղորդում է rbc-ն: 

ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին «Նիկա» կինոմրցանակ  է ստացել «Պատիվ եւ արժանապատվություն» անվանակարգում: Արարողության ընթացքում ցուցադրվել են այն կինոնկարներից հատվածներ, որոնցում դերսանը խաղացել  է իր ամենահայտնի դերերը: 

Լավագույն անիմացիոն  ֆիլմ է ճանաչվել «Եւս մեկ անգամ» մուլտֆիլմը, որն ստեղծվել է Ելենա Պետրովայի, Մարիա Արխիպովայի, Տատյանա Օկրուժնովայի եւ այլ անիմատորների կողմից: 

Նանա Ջանելիձեի «Իսկ կա՞ արդյոք այնտեղ թատրոն» կինոնկարը մրցանակ է ստացել  «ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: