Ֆրանսիայի արտգործնախարարությունն «անընդունելի է համարում» Սիրիայի իշխանությունների պահանջը, որոնք ընդդիմությունից ցանկանում են կառավարական զորքերը մինչեւ ապրիլի 10-ը դուրս բերելուց հետո պայքարը դադարեցնելու «գրավոր երաշխիքներ» ստանալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Պաշտոնական Դամասկոսը նաեւ պահանջել է, որ արտասահմանյան պետությունները դադարեցնեն ընդդիմության ֆինանսավորումը: Ընդդիմությունը հրաժարվել է որեւէ գրավոր երաշխիք տալ:
Սիրիական ազատ բանակի հրամանատար Ռիյադ ալ Ասադը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին այն բանում, որ նա չի կատարում Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման վերաբերյալ խոստումները: Հրամանատարը նաեւ հայտարարել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դատապարտված են ձախողման:
Սիրիական ազատ բանակի այլ ներկայացուցիչ գնդապետ Սաադ Ալ Դինը հայտարարել է, որ ապստամբները մտադիր են հետեւել հրադադարի ռեժիմին, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ին:




























