Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սկանդալ է սարքել «Նիկա» կինոմրցանակաբաշխության ժամանակ:

Բարեգործության համար հատուկ մրցանակի հանձնման ժամանակ Սոբչակը հարցրել է Խամատովային. «Եթե դու չզբաղվեիր բարեգործությամբ, կպաշտպանե՞իր նախագահի թեկնածու Վլադիրմիր Պուտինին, թե՞ հեռու կմնայիր քաղաքական գործունեությունից»: «Կսատարեր նրան»,- Խամատովայի փոխարեն պատասխանել է դերասան Եվգենի Միրոնովը, ով շնորհում էր մրցանակը:

Ինքը Խամատովան չի պատասխանել պրովոկացիոն հարցին` նշելով, որ այստեղ «կինոյի տոն է»: Երբ Սոբչակը փորձել է համառել, հանդիսատեսը սկսել է սուլել` ի նշան բողոքի, իսկ «Նիկա»-ի նախագահ Յուրի Գուսմանը կոչ է արել դադարեցնել հարցի քննարկումը:

Միրոնովը հանդես է եկել կոշտ նկատողությամբ. «Գիտե՞ք, թե ինչ տարբերություն կա այդ աղջիկների եւ մեր արած գործի միջեւ: Մենք ուզում ենք բարի գործ անել, իսկ նրանց սենսացիա է պետք»,- հաղորդում է grani.ru-ն:

Միրոնովը եւ Խամատովան նախագահական ընտրությունների նախօրեին քարոզչական բնույթի տեսագրություններ էին ձայնագրել` սատարելով Պուտինին: