Մալիի նախագահ Ամադու Թումանի Թուրեն պաշտոնապես հրաժարական է տվել` դրանով իրեն պետական հեղաշրջման հետեւանքով պաշտոնանկ արած զինվորականներին հնարավորություն ընձեռելով կատարել պայմանավորվածությունը եւ երկրում վերականգնել քաղաքացիական կառավարումը` իշխանությունը փոխանցելով  խորհրդարանի նախագահ Դիոնքունդա Թրաորային:

Մալիի նոր իշխանությունների հետ բանակցություններում Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ԱԱԵՏՀ) արեւմտաաֆրիկյան թեւի գլխավոր միջնորդ, Բուրկինա-Ֆասո պետության արտգործնախարար Ջիբրիլ Բասոլը հաղորդել է, որ Թուրեից նամակ է ստացել, որտեղ  վերջինս հաղորդել է իր հրաժարականի մասին:

ԱԱԵՏՀ -ի երկրները, քննարկելով Մալիի հյուսիսի ճգնաժամը, որտեղ շարունակվում է  տուարեգների ապստամբությունը եւ որի պատճառով էլ տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջումը, տարակարծություններ են ունեցել այն հարցում, թե արդյոք անհրաժեշտ է  ճնշել ապստամբությունն ուժով, թե սկսել բանակցություններ սեպարատիստների հետ, հաղորդում է INFOX.ru-ն:

Աշխարհի առաջատար երկրների առաջնորդները եւ  միջազգային կազմակերպությունները ողջունել են  Մալիի ռազմական ղեկավարության` իշխանությունից հրաժարվելու մասին  որոշումն ընտրությունների նախօրեին, որոնք պետք է տեղի ունենան 40 օրվա ընթացքում: