Ֆրանսիայում ապրիլի 9-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին:

Այսօրվանից թեկնածուների միջեւ լրատվամիջոցների հասանելիության առումով սահմանվում է բացարձակ հավասարություն` նախընտրական քարոզչության համար:

Հավասարության պահպանումը կհսկի Ֆրանսիայի Տեսաձայնային գերագույն խորհուրդը: Համաձայն ընդունված կարգի` յուրաքանչյուր թեկնածու 43 րոպե եթեր դուրս գալու ժամանակ կստանա, որը կարող է օգտագործել մինչեւ ապրիլի 20-ը, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Օրենքը նաեւ հեռուստաալիքներին զգուշացնում է, որ թեկնածուներից մեկին առավոտյան ժամը 8-ին տրամադրված եթերը չի կարող հավասար համարվել երեկոյան 8-ին տրամադրված ժամանակին:

Սոցհարցումների առաջին եռյակում են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա գլխավոր հակառակորդ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը եւ ազգայնական թեւի  ներկայացուցիչ Մարին Լե Փենը: Երկրորդ փուլ դուրս գալու ամենահավանական շանսեր ունեն Սարկոզին եւ Օլանդը:

Մնացած թեկնածուների շարքում ամենաքիչը հայտնի է անկախ թեկնածու, Ֆրանսիայի անկախության պաշտպան Նիկոլա Դյուփոնթ Էնյանը: Կենտրոնականների միակ թեկնածուն է մնում  «Ժողովրդավարական շարժման» (MoDem) կուսակցության առաջնորդ  Ֆրանսուա Բայրուն:

Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրությունների թեկնածության համար գրանցվել է 10 մարդ: