Արագածոտնի մարզի Օշական գյուղում ապրիլի 8-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հեղինակները խորթ հորեղբոր որդիներ են եղել եւ վեճը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով, ինչի արդյունքում Անդրանիկ Պողոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:
Գյուղապետից տեղեկացանք, որ վիճաբանողները խորթ հորեղբոր որդիներ են եւ վեճը տեղի է ունեցել պապենական հին տան պատճառով: Այդ տունը, ըստ օրենքի բաժին է հասել այն մի հորեղբոր տղային, ինչն էլ վեճի պատճառ է հանդիսացել: Տուժողը ամուսնացած չէ, իր մոր հետ վարձով գյուղացիներից մեկի տանն է բնակվում: Գյուղապետը նաեւ նշեց, որ ոստիկանության աշխատողները դեռեւս գտնվում են գյուղում:
«Վիրավորն ասում է, որ իրեն խփել են կենցաղային վեճի պատճառով: Բայց նախնական վարկածով` ոնց որ ոչ մեկն էլ չի խփել, այլ ինքն է նռնակ գցել Քացախ գետի ափին ու տուժել: Ում անունը, որ տվել էր, ոստիկանությունը տարավ հարցաքննության, բայց այդ մարդը ասում է` ես չեմ: Ավելին` դեպքի վայրում այսօր նռնակի հետքերը` կալցո, արյուն-բան հայտնաբերվեց: Ներկայումս այդ ուղղությամբ են աշխատանքներ տարվում»,- պատմեց գյուղապետը: Գյուղապետը նաեւ փոխանցեց, որ հիմա պետք է արյունը տանեն փորձաքննության եւ, եթե արյունը համընկավ տուժողի արյան հետ, ուրեմն ինքը իրեն միամիտ վնասել է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում երեկ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղացիներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օշականի մեր աղբյուրների փոխանցմամբ, վիճաբանության ժամանակ հնչել են ձայներ, վարկածներ կան, որ այն ոչ թե կրակոցների ձայն է եղել, այլ նռնակ է պայթել:




























