Էլեկտրոնիկայի ճապոնական Sony արտադրողը կկրճատի աշխատողների 6% -ին, ինչը կազմում է ավելի քան 10 հազար մարդ: 2012 թվականի մարտի 31-ի դրությամբ` Sony-ի աշխատակազմում հաշվառվել է շուրջ 168,2 հազար մարդ:
Աշխատանքից կհեռացվեն քիմիական արտադրության եւ մանր ու միջին չափերի պանելների արտադրությամբ զբաղվող աշխատակիցների կեսը:
Sony-ի գլխավոր տնօրեն Կազուո Հիրային, ով գլխավորել է ընկերությունը ապրիլի 1-ից, ավելի վաղ հայտնել էր Sony-ին սպասվող ցավալի փոփոխությունների մասին: Ընկերությունն իր տարեկան կորուստը գնահատում է 2,7 միլիարդ դոլար, որը գրեթե կրկնակի գերազանցում է անցյալ տարվա կորուստները: Զգալի անկման մի քանի պատճառներ են նշվում. իենի դիրքերի ամրապնդումը, Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով արտադրության կրճատումը եւ Samsung-ի հետ համատեղ պանռլների արտադրությունից դուրս գալը, հայտնում է DailyComm-ը:
Պետք է նշել, որ 2005 թվականից ի վեր Sony-ի կապիտալիզացիան կրճատվել է գրեթե 60%-ով: Հարավկորեական մրցակից Samsung-ի կապիտալիզացիան այդ ժամանակահատվածում, հակառակը, համարյա կրկնապատվել է:




























