Բրիտանական BBC հեռուստաընկերությունը նոր հատվածներ է հրապարակել այն փաստաթղթերից, որոնք հաստատում են, որ 2003-2004թթ. Լիբիայի հատուկ ծառայություններն ու Մեծ Բրիտանիան սերտ համագործակցել են: Մասնավորապես, հրապարակվել է մեջբերում Մուսա Քուսայի` Լիբիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարի անունով նամակից: Նամակում ՄԻ-6-ի ներկայացուցիչը նրան շնորհավորում է «բեռան» բարեհաջող ստացման կապակցությամբ:
Ըստ BBC-ի տվյալների` «բեռը» եղել է Աբդել Հաքիմ Բելհաջը, որը ձերբակալվել էր Բանգկոկում ՄԻ-6-ի եւ ԿՀՎ-ի համատեղ գործողության ընթացքում: Այն ժամանակ նա եղել է հակակառավարական Լիբիական գրոհային իսլամական խմբի (ԼԳԻԽ) ղեկավարներից մեկը, որին ՄԱԿ-ն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, իսկ քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրում հանդես է եկել Անցումային ազգային խորհրդի կողմից եւ եղել է Տրիպոլիի ապստամբների հրամանատարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթերի արխիվը, որը վկայում է, որ ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայություններն ակտիվ համագործակցել են լիբիական հետախուզական գերատեսչության հետ, հայտնաբերվել էր Լիբիայում Քուսիի լքված առանձնատանը` նախորդ տարվա սեպտեմբերին:
Հունվարին Բելհաջը դատի էր տվել ՄԻ-6-ի հակաահաբեկչական վարչության նախկին ղեկավար Մարկ Ալենին: Միաժամանակ, ժամանակավորապես դադարեցվել է անկախ հանձնաժողովի աշխատանքը, որն ավելի վաղ ստեղծվել էր երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի նախաձեռնությամբ, որպեսզի հաստատվեր, արդյոք բրիտանական հատուկ ծառայությունները մասնակցել են լիբիական բանտերում բանտարկյալների տանջանքներին եւ դաժան վերաբերմունքին:




























