Այսօր ՀՀ կառավարության նիստն սկսելուց առաջ նախարարները վարչապետի գլխավորությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակը: Այնուհետեւ վարչապետի հանձնարարությամբ ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կառավարությանը տեղեկություն է տրվել աղետից զոհվածների որոնողական աշխատանքի ընթացքի, զոհվածների հարազատների` դեպքի վայր մեկնման, զոհվածների աճյունների տեղափոխման եւ խնդրին առնչվող մյուս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Օրակարգային հարցերի թվում կառավարությունը քննարկել է ավիավթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը: Որոշվել է 7,500.0 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,500.0 հազար դրամ): Եվս 675.0 հազար դրամ է հատկացվել Երեւանի քաղաքապետարանին` հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135.0 հազար դրամ): ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին թույլատրվել է զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել հատկացված միջոցները: ՀՀ ֆինանսների նախարարությանը թույլատրվել է նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ` ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հանգանակվող միջոցների հավաքման եւ դրանք ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների ծախսելու համար:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:


























