Դեռեւս շուտ է «միացում» բառը կիրառել բոլոր նախաձեռնությունների առնչությամբ, թեեւ «Ժառանգությունը» շահագրգռված է մասնակցելու, եթե այդ երկու ձեւաչափերը բավարարեն մեր պահանջներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, երկու նախաձեռնությունների ձեւաչափով այժմ աշխատանքներ են տարվում. «Խորհրդարանի խոսնակին կից աշխատանքային խումբը արդեն պաշտոնական հավաք է անցկացրել: Տարվող աշխատանքը մեզ առայժմ բավարարում է, սակայն մենք պետք է համոզված լինենք, որ դա հենց այն աշխատանքային խումբն է, որի վրա արժե ծախսել մեր ռեսուրսները նախընտրական շրջանում»: 

Ինչ վերաբերում է երկրորդ նախաձեռնությանը, ապա, Սաֆարյանի խոսքով, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն հայտնել է իր կարծիքը. «Շատ կարեւոր է, որ պատասխանատվության հարցը եւս լուծվի: Եւ հենց այդ պատճառով է առաջարկ եղել ստորագրել ընտրությունների վերահսկողության մեխանիզմի վերաբերյալ տեքստի տակ: Առաջարկ կա, որ այդ փաստաթղթի տակ ստորագրեն համամասնական կուսակցական ցուցակների առաջին տաս թեկնածուները կամ նշանավոր թեկնածուներից երեքը: Հակառակ դեպքում, եթե այդ ամենը կրի ձեւական բնույթ, «Ժառանգություն» կուսակցության անդամները կզբաղվեն իրենց նախընտրական գործերով»:

Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի`  ընտրությունների վերահսկման նպատակով որոշ քաղաքական ուժերի կողմից միասնական միջկուսակցական գրասենյակ ստեղծելու մասին նախաձեռնությանը` Սաֆարյանը նշել է. «Այդ առաջարկը չի քննարկվում, դա անձնական տեսակետ է` չնայած այն ներկայացվել է որպես Հայաստանի հանրապետական կուսակցության առաջարկ: Այդ առաջարկը բավարար չէ բազմաթիվ խնդիրների լուծման համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ:

Արդեն ապրիլի  5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել ընտրությունների ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ առաջարկով: