Հետաքննությունն ապրիլի 9-ին բնապահպան Սուրեն Ղազարյանին մեղադրական եզրակացություն է ներկայացրել, որով նրան կարող է մինչեւ 5 տարվա ազատազրկում սպառնալ այն բանի համար, որ նա նախորդ տարվա նոյեմբերին Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի ամառանոցի ցանկապատին գրել է «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է» եւ  «Գողերի կուսակցություն», ասվում է gazeta.ru-ին ուղարկված «Ագորա» իրավապաշտպան ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Նախորդ շաբաթ  Ղազարյանի փաստաբան  Մարինա Դուբրովինան միջնորդություն էր ներկայացրել փորձագիտության չհիմնավորվածության մասին, ըստ որի` ցանկապատին իբր 119 հազար ռուբլու  վնաս էր հասցվել,  սակայն, այնուամենայնիվ, ապրիլի 9-ի առավոտյան դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը:

Ակտիվիստներ Սուրեն Ղազարյանը եւ Եվգենի Վիտիշկոն մեղադրվում են  «գույքի միտումնավոր ոչնչացման կամ վնասման մեջ, որն իրականացվել է խուլիգանական  նկատառումներով»: 2011 թվականի նոյեմբերի 13-ին Ղազարյանը եւ Վիտիշկոն ակցիա էին անցկացրել սեւծովյան ափամերձ տարածքի պաշտպանության օգտին: Ըստ հետաքննության վարկածի` բնապահպանները փշալարերով գրոտել էին Տուապսեի մոտ գտնվող շքեղ առանձնատան ցանկապատին:   Նոյեմբերի 21-ին քրեական գործ էր հարուցվել:

Կատարված փորձագիտությունը հանգել է այն եզրակացությանը, որ ցանկապատին հասցվել է ավելի քան 119 հազար ռուբլու վնաս, որի հետ կտրականապես համաձայն չի մեղադրյալների պաշտպանությունը: «Դա անտառում սովորական ցանկապատ է», – ասում է փաստաբան Մարինա Դուբրովինան: «Ոչ թե պատմական հուշարձան է, այլ ժամանակավոր կառույց: Ամբողջ մեղադրականը կառուցված է կասկածելի փորձագիտության վրա, որում ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես է հաշվարկվել նման չափի վնասը», – ասել է նա: