Օկլահոմա նահանգում տեղի ունեցած գնդակահարությունը, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, ռասսայական դրդապատճառներ է ունեցել: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ ոստիկանությունը` ուսումնասիրելով ձերբակալվածներից մեկի` 19-ամյա Ջեյք Ինգլանդի Facebook-ի էջը:

Ըստ էության, երիտասարդը ատելություն եւ անհանդուրժողականություն էր տածում սեւամորթ համաքաղաքացիների հանդեպ, քանի որ երկու տարի առաջ իր հոր` Կառլ Ինգլանդի սպանության գործին մասնակից է եղել աֆրոամերիկացի: «Արդեն երկու տարի է անցել այն օրից, ինչ իմ հորը սպանեցին «անիծյալ նեգրերը»,-գրել է իր ինտերնետային օրագրում Ջեյք Ինգլանդը ու նախազգուշացրել, որ շատ շուտով եւս մեկ թաղում կկազմակերպվի, հաղորդում է  NEWSru.com-ը:

Ջեյք Ինգլանդը եւ նրա 32-ամյա հանցակից Էլվին Ուոթսը ձերբակալվել են ապրիլի  8-ին: Հայտնի է, որ նրանք հարեւաններ են եղել: Ձերբակալման ժամանակ նրանք դիմադրություն ցույց չեն տվել:

Մարդասպանների զոհերն են 49-ամյա Դաներ Ֆիլդսը, 54-ամյա Բոբի Քլարքը եւ 31-ամյա Ուիլիամ Ալենը: Եւս երկու պատահական անցորդի չարագործները վիրավորել են, բայց նրանց վնասվածքները լուրջ չէին, եւ նրանք շուտով դուրս գրվել հիվանդանոցից: