Երեւանն ու Մոսկվան համաձայնեցրել են Հայաստանի լեռներում ռադիոլոկացիոն կայան տեղակայելու մասին պայմանագիրը, որպեսզի դիմակայեն Թուրքիայի Ինջիռլիքի ՆԱՏՕ-ի բազայում  տեղակայված ամերիկյան  ռադարին, գրում է իսրայելական Debka.com կայքը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն` նման որոշումը կողմերը համաձայնեցրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում:

«Այնպես, ինչպես թուրքական կայանը (չնայած Անկարայի հակառակ պնդումներին) տվյալներ է փոխանակում իսրայելական Նեգեւի  բազայի հետ իրանական հրթիռների վերաբերյալ, այնպես էլ Հայաստանում տեղակայված ՌԼԿ-ն  տվյալները կկիսի Թեհրանի հետ»,-նշվում է հոդվածում:

Անցած շաբաթ Լավրովի այցը Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան նպատակ ուներ հյուսիսային եւ արեւելյան հարեւանների օգնությամբ ապահովել Իրանի անվտանգությունը հնարավոր ամերիկա-իսրայելական գրոհից, հաղորդում են Debka- ի աղբյուրները: