Հույները ապրիլի 9-ի գիշերը հրդեհել են վարչական բարեփոխման նախարարությունը` շենքի վրա վառվող հեղուկով շիշ նետելով: Հրդեհի արդյունքում գրեթե ամբողջությամբ այրվել է շենքին հարակից շինությունը, տուժել են կայանված մեքենաները:
Տեղական ոստիկանությունը հարձակման մեջ կասկածում է հակակառավարական ցուցարարներին, որոնք այդկերպ արդեն փորձել են վնաս հասցնել մի քանի բանկերի, օտարերկրյա ներկայացուցչությունների եւ խոշոր ընկերությունների գրասենյակների, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն:
Բյուջետային կրճատումների վերջին նախաձեռնությունները ներկայացրել էր հենց վարչական բարեփոխման նախարարությունը: Համաձայն մշակված պլանի, Հունաստանը կրճատում է հազարավոր աշխատողների պետական հատվածում, ինչը կավելացնի գործազրկության առանց այն էլ բարձր մակարդակը:




























