Թերթը գրում է, որ ընտրություններին հաջորդող ամենաուշագրավ ինտրիգը նոր կառավարության կաբինետի ձեւավորումն է, որը, ըստ թերթի տեղեկությունների, հետաքրքիր «աշխարհագրություն» է ունենալու:
«Իշխող ՀՀԿ-ն իր նախարարներից ոմանց կուղարկի ԱԺ, մյուսներին` «վաստակած» հանգստի։ Այսինքն, հների հետ կունենանք նաեւ «թարմ դեմքերով» նախարարներ: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, ԿԳ նախարար Արմն Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, կթողնի նախարարական «պոստը»` այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանի «մասով» ՀՀԿ-ն որոշել է` նա «անփոխարինելի» է իր տեղում: Ասում են, բնապահպանության նախարարի գործերն են խառը, վերջնական որոշում չկա, բայց, հավանաբար, վերջինիս կուղարկեն հանգստի այլ խոսքով` «ձեռի»` հետ մի գործ կտան։ Նախնական տարբերակով` Սեյրան Օհանյանը կշարունակի պաշտոնավարել:
Մեր աղբյուրի պնդմամբ` կառավարության պատկերը դեռ շատ հստակեցումների կարիք ունի, եւ այսօրվա որոշումները, մեղմ ասած, վերջնական չեն կարող համարվել, քանի որ, ինչպես հավատացրին կուսակիցները, Սերժ Սարգսյանն անակնկալները թողնում է վերջում»,- գրում է «Իրատես de facto»-ն:




























