Ամբողջ աշխարհում հայտնի Christian Dior ֆրանսիական նորաձեւության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնում սկանդալիստ Ջոն Գալյանոյին փոխարինել է բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը:
Նորաձեւության տան նոր տնօրենը ծնվել է 1968 թվականին: 1995 թվականին նա տղամարդու հագուստի սեփական ապրանքատեսակն է թողարկել` Raf Simons եւ Raf by Raf Simons ապրանքանիշների ներքո, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
2005 թվականին Սիմոնսը դարձել է Jil Sander (այն պատկանում է Prada-ին) ապրանքանշանի ստեղծագործական տնօրենը եւ պատասխանատու է եղել տղամարդու եւ կանացի յուրահատուկ հավաքածուների համար:
Բելգիացու նախորդը` Ջոն Գալյանոն, աշխատանքից հեռացվել էր փարիզյան սրճարանում սկանդալից հետո, որտեղ հարբած դիզայները վիրավորել էր երկու հաճախորդների: Ավելի ուշ Գալյանոն ներողություն էր խնդրել հակասեմական արտահայտությունների համար, սակայն դատարանը նրան դատապարտել էր 6 հազար եվրո տուգանքի` փորձնաժամկետով:




























