Ապրիլի 10-ին լրանում է Լեհաստանի նախագահի ինքնաթիռի ավիավթարի երկրորդ տարելիցը: 2010-ին, տեղեկացվելով 96 լեհ բարձրաստիճան գործիչների, այդ թվում նախագահ Լեհ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ մահվան մասին, հարյուր հազարավոր վարշավացիներ շարժվեցին Վարշավայի նախագահական պալատի մոտ` հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին:

Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի երկրորդ տարելիցի կապակցությամբ պաշտոնական արարողությունները տեղի կունենան Պովոնզկի մայրաքաղաքային ռազմական գերեզմանոցում: Դեպքի վայր է մեկնել լեհական կառավարությունը` մշակույթի նախարար Բոգդան Զդրոյեւսկիի գլխավորությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միջպետական ավիացիոն կոմիտեի` 2011 թ. հունվարի 12-ի զեկույցի համաձայն, ավիավթարի հիմնական պատճառը եղել է անձնակազմի որոշումը` չուղեւորվել պահուստային օդանավակայան, իսկ որպես համակարգային պատճառ է նշվում` անձնակազմի պատրաստվածության եւ թռիչքի ապահովման գործում տեղ գտած թերացումները:

2011-ի հուլիսի 29-ին իր զեկույցն է ներկայացրել լեհական կառավարական հանձնաժողովը: Զեկույցում ասվում է, որ վթարի պատճառներից մեկը օդաչուի ուշ անցումն է երկրորդ շրջան: Բացի այդ, անձնակազմը սխալներ է թույլ տվել վայրէջք կատարելու ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: