Ռուսական ՀՀՊ միջոցները կհետեւեն հյուսիսկորեական հրթիռի ուղեգծին, որի մեկնարկը նախատեսված է ապրիլի կեսերին: Եթե հրթիռը ճանապարհից շեղվի եւ սպառնա Ռուսաստանի տարածքին, այն կկործանեն: Այդ  մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ տիեզերական տարածության վերահսկողության եւ հրթիռային գրոհի նախազգուշացման համակարգերը ներկա պահին մշտական մարտական պատրաստականության ռեժիմով են աշխատում: Հյուսիսկորեական հրթիռի մեկնարկի կապակցությամբ ՀՀՊ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի մարտական պատրաստականության բարձրացման ինչ-որ հատուկ միջոցառումներ չեն ձեռնարկվել, հաղորդում է pravda.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հյուսիսկորեական հրթիռը խփելու պատրաստակամություն արդեն հայտնել էին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ուժերը: Երեք ասիական ավիաընկերություններ ապրիլի 12-16-ը հյուսիսկորեական հրթիռի մեկնարկի ընթացքում հայտարարել են  թռիչքների չվերթների փոփոխության մասին . Philippine Airlines-ը, Japan Airlines-ը (JAL) եւ  All Nippon Airways-ը (ANA):

Հիշեցնենք. ԿԺԴՀ-ի իշխանությունները նախատեսում են հրթիռի մեկնարկն իրականացնել մինչեւ ապրիլի 16-ը` Կիմ Իր Սենի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունների  շրջանակում: Առաջատար համաշխարհային գերտերությունները կարծում են, որ տիեզերական սարքի մեկնարկը համարվում է  մեծ հեռավորությամբ հրթիռի քողարկված փորձարկում:

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում  հստակեցրել են  կորեական հրթիռի մեկնարկի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Լեոն Պանետան եւ Կիմ Գվան Չժինը Հյուսիսային Կորեայի հրթիռային մեկնարկը գնահատում են որպես լուրջ սադրանք եւ որպես միջազգային պարտականությունների եւ ՄԱԿ-ի բանաձեւերի խախտում: