Լիբիական դատարանը Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամի դատավճիռը կկայացնի հունիսի կեսերից ոչ ուշ:
Սեյֆ ալ-Իսլամը 10 օրվա ընթացքում կտեղափոխվի Տրիպոլիի բանտ: Դատարանը որոշում կկայացնի նախքան խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են երկու ամսից: Դատն սկսելու ճշգրիտ ամսաթիվ չի հաղորդվում, հաղորդում է fontanka.ru-ն:
Քադաֆիի որդին 2011թ. նոյեմբերին ձերբակալվել էր Լիբիայի անցումային ազգային խորհրդի զինված խմբավորումների կողմից` Նիգերի սահմանը հատելու փորձի ժամանակ: Մի քանի ժամ անց նրան տեղափոխել էին Լիբիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Զինթան քաղաք:
Լիբիայի անցումային ազգային խորհուրդը հրաժարվում է Սեյֆ ալ-Իսլամին հանձնել Հաագային, թեեւ միջազգային կառույցները դա են պահանջում:




























