Իրաքում ահաբեկչություններ կազմակերպելու եւ ֆինանսավորելու մեջ մեղադրվող Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին Քաթար եւ Սաուդյան Արաբիա կատարած այցերից հետո գտնվում է Ստամբուլում։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Իրաքի փոխնախագահը ցանկանում է հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուս պաշտոնյաների հետ։
Նշվում է, որ Թարիք ալ-Հաշեմին հույս է հայտնել, որ Ստամբուլում հանդիպումներն անցկացնելուց հետո կվերադառնա Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում գտնվող իր ժամանակավոր նստավայրը։
Նշենք, Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին մեղադրվում է հակաահաբեկչական օրենսդրության խախտման մեջ: Դեկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել փոխնախագահի երկու թիկնապահների ձերբակալման մասին, որոնց մեղադրել են ահաբեկչության նախապատրաստման մեջ: Թարիք ալ-Հաշեմին, իրավապահ մարմինների վարկածով, ապահովել է նրանց ֆինանսավորումը եւ աջակցությունը:
Հաշեմին հայտարարել էր, թե կհամաձայնվի դատարանի առաջ կանգնի, եթե դատական գործն ընթանա իրաքյան Քուրդիստանում։ Նա պնդել էր, թե Բաղդատում դատական համակարգը քաղաքականացված է եւ անհնարին է իր անվտանգության ապահովումը։




























