Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզարշավն սկսել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից: Քիչ առաջ Ապարանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի հանդիպում-հանրահավաքը: Ինչպես Ապարանից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՀԱԿ գրասենյակի առջեւ, որն, ի դեպ նաեւ թիվ 14 ընտրատարածքում առաջադրված Ռազմիկ Պետրոսյանի նախընտրական շտաբն է հանդիսանում, հավաքվել են բազմաթիվ ապարանցիներ:
Հավաքվածները, ՀԱԿ ղեկավար կազմին տեսնելուն պես, բարձրաձայն սկսեցին վանկարկել «Լեւոն, Լեւոն»: Հանրահավաքի բացումն սկսեց Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, ով իր ելույթում նշեց, որ ապարանցիներն այսօր խղճուկ պայմաններում են ապրում, ու պետք է այդ ամենին վճռականորեն ոչ ասել, կերտել նոր, վերափոխված Հայաստան:
«Նախընտրական երթի սկիզբն ապարանցիները կդնեն, դրա համար էլ քարոզարշավը սկսվեց հենց մեր քաղաքից: ՀԱԿ-ը պնդում է, որ պետք է ժողովրդին վերադարձվի կորսված արժանապատվությունը»,-իր ելույթում նշեց նա:
ՀԱԿ ղեկավար կազմից հանրահավաքին ներկա էին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ Արագածոտնի մարզում հանդիպումը չի սահմանափակվի միայն Ապարան քաղաքով, տեղի ընտրողների հետ հանդիպումից հետո նախատեսվում է այցելություն Ուշի եւ Օհանավան համայնքներ, այնուհետ նաեւ մարզկենտրոն Աշտարակ:



























