Թուրքիայում բազմաթիվ ոստիկաններ պատրաստվում են այսօր` ապրիլի 10-ին (Ոստիկանների օրը) Facebook-ում բողոքի ակցիա իրականացնել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Turkiyepolisendikasi անդամ թուրք ոստիկանները տարածել են հայտարարություն, որ իրենք չեն նշելու Ոստիկանի օրը։ Նրանց հայտարարության մեջ նշվել է, թե իրենք բողոքի ձայնն են բարձրացնում Թուրքիայում ոստիկանների ծանր եւ անպաշտպան վիճակի դեմ։ «Մենք երդում ենք տալիս աշխատել մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց մեզ աշխատեցնում են այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու իրավունքներին։ Ամսվա մեջ 160 ժամ աշխատելու փոխարեն, մեզ աշխատեցնում են 240 ժամ։ Մենք չունենք իրավունք ստեղծել միություն կամ արհմիություն»,-նշվել է ոստիկանների հայտարարության մեջ։
Ոստիկանները հայտել են, որ ի նշան բողոքի, ապրիլի 10-ին Facebook-ում իրենց էջերի լուսանկարները սեւացնելու են եւ թողնելու են գրություն. «Ընդդեմ անօրինակությունների ապրիլի 10-ին Ոստիկանության տոնը չեմ նշում»։




























